Իսրայելի Կնեսետը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել 21-րդ գումարման խորհրդարանի ինքնալուծարման օրինագծին և Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները կրկնելու որոշում է կայացրել՝ հայտարարել է խորհրդարանի խոսնակ Յուլի Էդելշտեյնը: Ինքնալուծարման օրինագծին կողմ է քվեարկել 74, դեմ՝ 45 պատգամավոր: Կնեսետի նախագահը նշել է, որ մինչև ինքնալուծարումը 21-րդ գումարման խորհրդարանը ևս երկու նիստ կանցկացնի:
Վարչապետ Բենիամին Նեթանյահուի ղեկավարած «Լիկուդ» կուսակցության առաջարկած օրինագծի վերաբերյալ բոլոր պատգամավորները վարման կարգով արտահայտել են իրենց դիրքորոշումը: Մայիսի 29-ի կեսգիշերին ավարտվել է ապրիլի 9-ի ընտրություններից հետո Իսրայելի վարչապետին կոալիցիա կազմելու համար տրված 42-օրյա ժամկետը: Բենյամին Նեթանյահուին չի հաջողվել համաձայնության գալ քաղաքական մյուս ուժերի հետ: Վերջին քննարկումները տեղի են ունեցել քվեարկությունից մեկ ժամ առաջ: